ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Միջավայրն ընտրություններից առաջ

Միջավայրն ընտրություններից առաջ
24.09.2025 | 12:40

Հայկական քաղաքական դաշտը, իսկ գուցե ավելի ճիշտ է ասել՝ քաղաքական մշակույթը, ունի մի շատ լուրջ առանձնահատկություն․ իշխանության և ընդդիմության պայքարը գրեթե միշտ նույն սցենարն է կրկնում։ Սա նման է անվերջ ձգվող մի օղակի՝ որի շուրջ պտույտները միշտ հանգում են նույն կետում կանգառ կատարելուն։

Բոլոր քաղաքական ուժերին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը թերևս այն է, որ մինչև նախընտրական շրջան, բոլորը խոսում են 50+% հավաքելու մասին։ Բոլորին թվում է, թե իրենք միակն ու անկրկնելին են և արդեն քանի՜ հազարամյակ ժողովուրդն հենց իրենց էր սպասում քվեներ շռայլելու համար։

Ոմանց էլ թվում է, թե նախկինում մաշված նույն դեմքերին որպես թաղային մանկլավիկ վարձելով կապահովեն նույն քվեները, ինչ կարողացել են անել նախկին իշխանությունների համար։ Այս վերջին նախադասության մեջ բանալին «իշխանությունն» էր։

Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը՝ օրվա իշխանությունը միշտ ունի առնվազն 15-20% նախնական ընտրական կապիտալ (background)։ Դա վարչական ռեսուրսն է, կառավարչական հիմնարկները, դպրոցները, ուժային կառույցները, քաղաքացիական ծառայողները և այլն։

Հետևաբար, հույսը չի՛ կարող դրվել միայն այն պատահականության վրա, որ կարող է և ճեղքում լինել, որի հավանականությունը միայն 0.5% է։ Ուստի, ցանկացած ուժ, որը հայտ է ներկայացնում իշխանության գալու համար, պետք է ունենա ո՛չ թե զուտ վարչական մասնագետների թիմ, ովքեր սովոր են աշխատել գրասենյակներում, այլ ժողովրդի հետ աշխատելու ունակ առաջին ավանգարդ և վարչական ու մասնագիտական արյերգարդ։ Խարիզմատիկ կերպարների և արհեստավարժների թիմի համատեղմամբ հնարավոր կլինի հասարակության հետ մտնել երկխոսության մեջ, գրավել նրանց սրտերը, խոսել նրանց մտքերի հետ, և գրկել նրանց հոգիները։

Հասարակությունը հաճախ ըմբոստանում է նրանց դեմ, ովքեր ավելի բարձրից են, ովքեր ամբարտավան են, ովքեր խոցում են նրանց եսասիրությունը։

Նուրբ, շա՜տ նուրբ աշխատանք է պահանջում հասարակության հետ երկխոսությունն ու նրան՝ քո ազնվության և բարի նպատակների մասին համոզելը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ